Վայոց ձորի Արտավան համայնքում հրդեհի պատճառների վերաբերյալ ստացված նախնական վարկածները ստուգվում են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ պատշաճ հետազոտելու բոլոր հանգամանքները, նախնական վարկածները ստուգվում են:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, հետագա օրերին հրդեհը տարածվել է՝ ներառելով մի քանի հարյուր հեկտար տարածք, որի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են մի շարք ծառայություններ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ, եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։




























