Հայաստանում խմելու ջրի սակագնի բարձրացումը մյուս ծառայությունների արժեքի շղթայական բարձրացում կառաջացնի: Այս մասին օգոստոսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։ Սա սպառողների համար ծանր բեռ կլինի: «Սա կարող է նաեւ տարբեր ոլորտներում այլ ծառայությունների արժեքի շղթայական բարձրացում առաջացնել»,- նշեց Չիլինգարյանը:
Օգոստոսի սկզբին Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատորը՝ «Վեոլիա ջուր» (ֆրանսիական Veolia Generale des Eaux դուստր) ընկերությունը հայտնել է, որ ծրագրում է դիմել Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ջրի սակագինը բարձրացնելու համար: Ներկայումս Հայաստանում ջրի սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց 180 դրամ է կազմում: Նշվում է, որ ընկերությունն առաջարկում է սակագինը բարձրացնել մինչեւ 194,3 դրամ (0,45 դոլար):




























