Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն 20 օր է՝ չեն կարողանում հավաքել  վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտի բերքը։ Այսօր՝օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։ Նա նշեց, որ խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը, այս պահին սպասում են կառավարության որոշմանը:

Հուլիսի 28-ին հակառակորդը կրակել էր հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից: Հաջողվել է նաեւ գիշերով դաշտից դուրս բերել կոմբայնը: Ցորենի դաշտը մոտ 2 հեկտար է: