Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Բարսելոնում ահաբեկչության հետ, հայտարարել է վարչապետ Մարիանո Ռահոյը անվտանգության ծառայությունների հետ խորհրդակցությունից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետական հաստատությունների բոլոր դրոշները վար կիջեցվեն:

Ռահոյն իր ելույթը սկսել է ահաբեկչության զոհերի հարազատներին հղած ցավակցությամբ: «Ցանկանում եմ հայտնել Իսպանիայի համերաշխությունը Բարսելոնին: Նույն ցավն են զգացել Մադրիդը, Փարիզը, Բևրյուսելը, Նիսը, Լոնդոնը»,- ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ Իսպանիան գիտի, թե ահաբեկչությունն ինչ է: «Բայց մենք նաեւ գիտենք, որ ահաբեկչությունը կարելի է հաղթել, այն կարելի է հաղթել միասնությամբ, ոստիկանական գործողություններով, նախազգուշական միջոցառումներով, միջազգային հանրության աջակցությամբ եւ մեր քաղաքակրթության արժեքները պաշտպանելու ամուր մտադրությամբ»,- ասել է Ռահոյը:

«Անհրաժեշտ է, որ մեղավորները պատժվեն այս բարբարոսության համար»,- հավելել է նա:

Նա նաեւ երախտագիտություն է հայտնել համաշխարհային բոլոր առաջնորդներին, որոնք իրեն են դիմել ահաբեկչության հետ կապված ցավակցական բառերով: