Ռուսական, վրացական եւ բելառուսական զբոսաշրջային գործակալությունները իրացնում են խորովածի փառատոնի ուղեգրերը, որը տեղի կունենա օգոստոսի 20-ին, Հայաստանում՝ Ախթալա միջնադարյան ամրոցի տարածքում։ Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական խոհանոցային ավանդույթների պահպանում ու զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Մամուլյանի խոսքով՝ հյուրանոցներում եւ հյուրերի տներում ազատ տեղեր գրեթե չեն մնացել։ «Այս տարի փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը գրեթե աննախադեպ է։ Փառատոնի նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է»,-նշեց Սեդրակ Մամուլյանը։

Նա նաեւ հայտնեց, որ մոտ ապագայում փորձի փոխանակման համար Հայաստան կարող են ժամանել փառատոնի վրացի կազմակերպիչներ։ «Փառատոնը միջազգային է դարձել։ Այս տարի այն ավելի մեծ հետքրքրություն է առաջացրել։ Շատերը Հայաստան են ժամանում միայն հանուն խորովածի փառատոնի»,-հավաստեց Մամուլյանը։