Այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկի մշտադիտարկման խումբը դադարեցրել է իր աշխատանքը Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի շուրջ, «ԷկոԼուրն» ահազանգ է ստացել, որ Գողթի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել Գեղարդալճի ծրագրի պատճառով:
«ԷկոԼուրը» մեկնեց Գողթ եւ բնակիչների հետ զրույցում պարզեց, որ օգոստոսի սկզբին Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրն իրականացնող շինարարները փորձել են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի խողովակաշարը տեղադրել Գողթ համայնքի ջրառի կետում:
Նախօրոք պայմանավորվածություն էր ձեռք բերվել Գողթ համանքի եւ Գեղարդալճի ծրագրի իրականացնողների միջեւ, որ նրանք Գողթի ջրառից ջուր չեն վերցնի, այլ ջրառ կիրականացնեն ջրամբարի ավելցուկային կետից: Գալով համաձայնության` Գողթի համայնքապետ Արտավազդ Հակոբյանը եւ Գողթի 4 բնակիչներ, ինչպես նաեւ Գեղարդալճի նախագծի ճարտարապետ Վ. Սահակյանը եւ նախագծող Գ. Ղազարյանը ստորագրություն են դրե Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի քարտեզի վրա եւ կնքել այն:
Իրականում այս փաստաթուղթը իրավական որեւէ կարգավիճակ չունի, եւ փաստորեն եղել է «ջենտլմենական» համաձայնություն: Օգոստոսի սկզբին այդ համաձայնությունը խախտվեց:
Բնակիչների բարձրացրած բողոքից եւ Կոտայքի մարզպետին հայտնելուց հետո աշխատանքները դադարեցվել են, բնակիչները ճանապարհը չեն փակել:
«Իրենք որոշեցին Գիլանլար մոտեցնող կանալի շինարարությունը սկսել, որպեսզի նորից ջուր բերեն, լցնեն Գեղադալիճ: Երեւի մտածում էին, որ դրանով կփարատեն Գողթ համայնքի բնակիչների մտահոգությունը եւ իրենց ծրագիրը կհասցնեն ավարտին: Դրա հետ կապված, մեր պայմանավորվածությունները խախտելով, այս տարի նորից շինարարական աշխատանքներ սկսեցին: Եթե համաձայնեցված փոփոխությունները չկատարեն եւ նորից փորձեն այս ծրագիրը կյանքի կոչել, ապա Գողթի ցանկացած բնակիչ կպայքարի եւ չի թողի այդ ջուրը տանել: Ջուրը մեր համայնքի ողնաշարն է: Այսօր մեր համայնքը, կարող եմ ասեմ, որ 100 տոկոսով զբաղվում է այգեգործությամբ, եւ դրա արդյունքները ակնհայտ են: Մենք լուրջ ծավալների բերք ենք ստանում եւ դրա վաճառքի արդյունքում մեր վիճակը, համենատած շատ համայնքների հետ, ավելի լավ է»,- ասաց Գողթի ավագանու անդամ Վահրամ Սեդրակյանը:
Գեղարդալճի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզի Գեղարդ համայնքից 12 կմ արեւելք` 2800 մ նիշի վրա:
Այն լցվում է Կարմիր գետից 3.6կմ երկարություն եւ 2 մ3/վ ելք ունեցող մոտեցնող ջրանցքի միջոցով: Ջրամբարի տարողունակություն 2.4 միլիոն քմ է:
Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի շրջանակներում նախատեսվում էր 1.6 մետրով բարձրացնել ջրամբարի պատվարը` ջրամբարի ծավալը 3.4 միլիոն խմ-ի հասցնելու համար: Ըստ Վահրամ Սեդրակյանի` ջրամբարի պատվարը 1.6 մետրից պակաս է բարձրացված, եւ ջրամբարում հավելյալ հնարավոր է կուտակել շուրջ 500 հազար խմ ջուր, որը կբավականացնի ընդամենը 10 օր:
Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի իրականացմամբ նախատեսվում է շահագործումից հանել Հացավանի, Գեղադիր, Ազատի թիվ 3 եւ 4 պոմպակայանները՝ ոռոգելով Գեղադիր (120հա), Հացավանի (120հա), Ողջաբերդի (55հա), Ջրվեժի այգեգործական (188,28 հա), «Արգելոցապարկային համալիր» (260 հա), Գողթ (705.52հա-ից միայն 300 հա), շուրջ 1448.8 հա ընդհանուր մակերեսով հողատարածք:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ էներգետիկենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն Համաշխարհային բանկի վարկային միջոցներով:































