Հայաստանում փոքր նշանակությամբ հարկային իրավախախտումների պարագայում տնտեսվարող սուբյեկտներին առաջին անգամ պետք է միայն նախազգուշացնել։ Այս մասին օգոստոսի 24-ին կառավարության նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Մանր ու միջին ձեռներեցների հետ հանդիպումների արդյունքում, վարչապետի համաձայն, փոքր նշանակության հարկային իրավախախտումներ են հայտնաբերվել, որոնք վերաբերում են սահմանված ժամկետում հարկային հաշվետվությունները չներկայացնելուն կամ ամբողջությամբ չներկայացնելուն։

 «Հարկային ստուգումների ընթացքում նման խախտման պարագայում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ առաջին անգամ կարելի է նախազգուշացում կիրառել, բայց այժմ օրենքով նման բան չի նախատեսվում»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Վարչապետը Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց մեկ ամսում մշակել եւ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ կապված նախազգուշացումների եւ տուգանք կիրառելու հետ՝ որպես պատժի միջոց։