Կառավարությունը 83,8 մլն դրամ կհատկացնի «Սեւան» Ազգային պարկ» հասարակական կազմակերպությանը Սեւանա լճի ափին անտառի ջրածածկ եղած հատվածների մաքրման աշխատանքներ կատարելու համար: Օգոստոսի 24-ին՝ կառավարության հերթական նիստի ժամանակ կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը եւ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումները:
Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հաշվի առնելով, որ մաքրման աշխատանքների անցկացման համար ընկերությունների ընտրության մրցույթները 2 անգամ չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, առաջարկվում է նշված ծրագրի համար նախատեսված գումարը կրճատել եւ այդ աշխատանքները կատարելու համար 1. 83,875 մլն դրամ հատկացնել «Սեւան» Ազգային պարկ» հասարակական կազմակերպությանը: 2.15 մլն դրամ հատկացնել «Դիլիջան Ազգային պարկ» ՀԿ-ին երեք տեղամասերի պահպանության համար, 3.25 մլն դրամ՝ կառավարության պահուստային հիմնադրամին՝ հետագայում այս գումարը այլ ծրագրերի իրականացմանն ուղղելու պայմանով՝ ելնելով նախարարության առաջնահերթություններից: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ սա առաջին փորձն է, երբ նման աշխատանքները մասնավոր ընկերության են վստահում: Նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀԿ-ի հետ պայմանագիրն արդեն կնքվել է, եւ այն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից:




























