Օգոստոսի 23-ին կայացած Սերժ Սարգսյանի եւ Վալդիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի պատմության մեջ կարեւոր նշանակություն ունի։ Օգոստոսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրում եւ զարգացում» վերլուծական կենտրոնի նախագահ Արամ Սաֆարյանը։
Փորձագետի կարծիքով՝ մեծ նշանակություն ունի այն, որ երկու երկրների նախագահներն ընդգծել են ռուս-հայկական քաղաքական համագործակցության, դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության կաեւորությունը ներկա փուլում՝ տարածաշրջանային հարաբերությունների ձեւավորման այս դժվարին պայմաններում։
«Հայաստանը բարդ տարածաշրջանում է գտնվում։ Մեր տարածաշրջանում առկա են մեծ ու փոքր հակամատություններ՝ Իրաքի, Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի։ Մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, անհանգիստ իրավիճակ է, քանի որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքակրթական հակամարտություն եւ տնտեսական պատերազմ գոյություն ունի»,- նշեց Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ այդ ամենի ֆոնին կարեւոր է արձանագրել արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների առջեւ երկու երկրների միասնականությունն ու միաբանությունը։
«Կարծում եմ՝ նախագահները խոսելու բան ունեին՝ հաշվի առնելով այն, որ պաշտպանության եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցում մեր պահանջները, տվյալ պարագայում՝ Ռուսաստանի օգնությունը, ինչպես նաեւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում ակտիվ մասնակցությունը, անհրաժեշտ են դարձնում մշտական խորհրդակցությունները եւ ամենատարբեր մակարդակներում շփումները»,- հստակեցրեց փորձագետը։


























