Դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին «զննելու» կամ «խուզարկության» ենթարկելու մասին փաստաբաններ Գագիկ Մելիքյանը, Մինաս Մուրադյանը եւ Նորայր Նորիկյանը համատեղ հայտարարություն են արել:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«1. Որպես փաստաբան, թույլ չենք տվել եւ այսուհետ եւս թույլ չենք տալու, որ որեւէ դատական կարգադրիչ՝ ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով իր իրավունքներն իրացնելիս անգամ փորձ կատարի՝ զննության անվան տակ խուզարկություն կատարել:
2. Նշված մի քանի փորձ արձանագրվել է վերջերս մի քանի դատարաններ մուտք գործելիս, եւ մեր կողմից տրվել է համարժեք արձագանք:
3. ՀՀ դատական օրենսգրքով սահմանված դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց եւ նրանց իրերը զննության ենթարկելու դատական կարգադրիչի իրավունքը չպետք է կամայականորեն վերածվի որեւէ փաստաբանի արժանապատվությունը նվաստացնելու եւ նրան անձնապես վիրավորելու գործընթացի:
4. Պետք է հստակ գիտակցել, որ ի դեմս փաստաբանների, գործ ունենք որոշակի կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, ովքեր դատարան են գալիս մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելու համար եւ վերջիններիս մեջ հնարավոր օրինախախտ փնտրելն առնվազն չհիմնավորված կասկածամտության անբարեխիղճ դրսեւորում է։
5․Դատական կարգադրիչները պարտավոր են իրենց իրավունքն իրացնելիս հստակ տարբերակում դնել փաստաբանների եւ դատական նիստին որպես ունկնդիր ներկա գտնվող այլ անձանց միջեւ: Զննության ենթարկելը իրավունք է, եւ այն որեւէ ձեւով չպետք է չարաշահվի՝ ի վնաս փաստաբանի:
6. Դատական կարգադրիչների կողմից իրավունքի իրացման չարաշահումը կարող է դիտարկվել ոչ միայն ոչ իրավաչափ գործողություն, այլեւ որպես փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտում, ինչը կարող է հիմք հանդիսանալ համապատասխան իրավական գործընթացների ձեռնարկմանը։
7. Որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին եւ նրա որեւէ աշխատակից՝ անկախ իր դիրքից, զբաղեցրած պաշտոնից եւ սոցիալական կարգավիճակից, չպետք է մոռանա, որ փաստաբանը մարդու իրավունքների պաշտպան է, որի գործունեությունն ուղղված է ցանկացած ապօրինության բացահայտմանը, եւ նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն դիտվելու է որպես ոտնձգություն մարդու իրավունքների դեմ:
8. Փաստաբանները «Որբի գլուխ չեն, որ ոնց ուզենան, գլուխները խուզեն»: Անհրաժեշտ է հաշտվել այն իրողության հետ, որ փաստաբանական ինստիտուտն իր բոլոր թերություններով հանդերձ կայացած է, եւ անկախ իրենց սուբյեկտիվ պատկերացումներից ու ցանկություններից, այդ ինստիտուտի հետ անհրաժեշտ է հաշվի նստել։
9․ ՀՀ Դատական օրենսգրքով սահմանված դատական կարգադրիչի կողմից զննության իրավունքի իրացման հարցը ենթակա է իրավական հստակեցման, ինչպես նաեւ ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց եւ նրանց իրերը զննության ենթարկելու մասին» հաստատված կարգը ենթակա է լրացման ու փոփոխության, որպիսի պայմաններում հնարավոր կլինի հարցին տալ կոնկրետ ու առարկայական լուծում, ինչը եւ վերջ կդնի տարընթերցումներին ու հնարավոր բոլոր շահարկումներին»։




























