Հայաստանում դպրոցների միավորման հետեւանքով հիմնական կրճատումը կկատարվի վարչական եւ ուսումնական օժանդակ անձնակազմի շրջանում: Այս մասին օգոստոսի 24-ին՝ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ներկայումս փորձեր են ձեռնարկվում համակարգում տեղավորել մնացած մոտ 1-2 տասնյակ ուսուցիչներին:
Անդրադառնալով այն ահազանգերին, որ 63 տարեկան ուսուցիչներին զանգվածաբար աշխատանքից հեռացնում են, Լեւոն Մկրտչյանն ասաց. «Պետք է օրենքին հետեւել: Մեր սահմանը 65 տարեկանն է: Եթե այդպիսիք կան, թող ինձ դիմեն: Երկրորդ՝ մենք կփորձենք թոշակային տարիքի մեր ուսուցիչներին առաջարկել աշխատել շրջաններում, որտեղ մեծ թվով թափուր տեղեր կան: Ըստ որում՝ պարտադիր չէ, որ դրանք շատ հեռավոր վայրեր լինեն: Օրինակ՝ Վանաձորից 15, 20, 30 կմ հեռավորությամբ մենք չենք կարողանում ուսուցիչներ գտնել: Ահա այստեղ կարելի է թոշակառուներին օգնել»: Ուշագրավ է, որ նախկինում շրջաններ էին ուղարկվում բուհերի շրջանավարտները: Հիմա նախարարը մտադիր է այսկերպ «լուծել» տարեց ուսուցիչներին աշխատանքի տեղավորելու հարցը:
Հիշեցնենք, որ ըստ նախարարի՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում 14 դպրոցներ կմիավորվեն:




























