Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ Ն. Թ.-ն եւ Ս. Մ.-ն Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի ուղեւորներից երկուսը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իջել են ավտոմեքենայից եւ խոչընդոտել ոստիկանների ծառայողական պարտականությունների կատարմանը` վիճաբանել են Ն. Թ.-ի եւ Ս. Մ.-ի հետ, քաշքշել, հայհոյանքներ տվել եւ հարվածներ հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ավտոմեքենայի վերը նշված ուղեւորներից Հ. Ա.-ն իր հերթին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում բացատրությամբ հայտնել է, որ ՃՈ տեսուչ Ս. Մ.-ն էլ իրեն է հարվածներ հասցրել:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: