Երեւանում աղբահանության խնդիրը եղել է, կա եւ հավանաբար դեռեւս երկար օրախնդիր կմնա:

Ապօրինի աղբյուսներից բացի, մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված են միանգամայն օրինական աղբամաններ, սակայն դա չի նշանակում, որ դրանք պակաս գարշելի աղբյուսներ են: Վերջին շրջանում դրանց  են սկսել հավելվել նաեւ աբարկղերը եւ աղբատարները, որոնց պետք է հետեւի մայրաքաղաքում աղբահանության մենաշնորհատեր «Սանիթեք» ընկերությունը: Համենայնդեպս, հենց այսպիսի գրառումներ են աչքի զարնում աղբարկղերի վրա:

Հասկանալի, որ աղբարկղը, առավել եւս՝ շոգ ամռանը, քիչ հաճելի վայր է: Սակայն այս աստիճանի՞:

NEWS.am-ը աղբահանության խնդրի վերաբերյալ քանիցս գրել է Երեւանի Շենգավիթի շրջանի օրինակով, իսկ ավելի վաղ՝ հին աղբարկղերը «Սանիթեքի» աղբարկղերով փոխարինելու մասին:

Ժամանակի ընթացքում «նոր» աղբարկղերը, որոնք, ըստ ամենայնի, երեւան գալու պահից հաճելի չթվացին, խորհրդային արտադրության իրենց նախորդներից ոչ մի բանով ավելի լավը չդարձան: Նման աղբարկղերը տեղադրված են գարշահոտ ջրափոսերում, տեղ-տեղ թափոնների կուտակումից թանձրացած: Շուրջը մի քանի մետր շառավղով տարածվում է սրտխառնոց առաջացնող հոտ: Հիգիենայի նկատառումներով խորհուրդ չի տրվում այս աղբարկղերին մոտենալ, իսկ աղբը պետք է նշանառությամբ նետել: Եթե աղբարկղի մեջ չընկնեք, աղետ չէ: Բնակիչներից շատերը  աղբը «մոտավոր» են նետում: «Սանիթեքի» աշխատակիցներն իրենց հերթին այն համոզմունքին են հետեւում, որ «իրենց» աղբը միայն այն է, որը աղբարկղում է, իսկ դրա սահմաններից դուրս թափված աղբն իրենց չի վերաբերում: Եվ «անտեր» աղբը շաբաթներով ու ամիսներով ճանապարհին է մնում:

Հազվադեպ ձեռնարկվում են կարգավորելու ալարկոտ փորձեր: Ընդհանուր առմամբ դա այսպիսի տեսք ունի. մոտենում է ջրատարը եւ բարակ շիթով ջրում գարշահոտ ջրափոսերը, ինչն էապես նպաստում է ինչպես ջրափոսերի, այնպես էլ հոտի տարածմանը:

«Սանիթեքի» աղբարկղերի եւս մեկ առանձնահատկությունը դրանք իրենց տեղը չդնելու  աշխատակիցների համառությունն է: Հաճախ աղբարկղերը «փայլում» են պատերից կես մետր հեռավորությամբ կամ ճանապարհի երթեւեկելի մասում՝ խանգարելով ճանապարհային երթեւեկությանը:

Հարկ է նշել, որ ընկերության գործունեության սկզբնական շրջանում  արդյունքներն շատ ավելի լավ էին: Բայց ստացվում է, որ որքան երկար են աշխատում, այնքան որակը վատթարանում է: