«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում օրենք է մշակվել «Համայնքային թափոնների կառավարման մասին»: Այս մասին օգոստոսի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարության տարածքային ներդրումների եւ գործնական ծրագրերի քաղաքականության բաժնի ղեկավար Արտաշես Բախշյանը:
Նրա խոսքով՝ փոփոխություններ կկատարվեն «Վարչական իրավախախտումների» օրենսգրքում: «Համայնքային թափոնների կառավարման մասին» օրենքը երկրում թափոնների օգտահանման արդյունավետ, համակարգված եւ ընդհանուր քաղաքականություն կիրառելու հնարավորություն կստեղծի»,- ասաց Արտաշես Բախշյանը:
Բախշյանը հստակեցրեց, որ հիմնական խնդիրը այն գործոնները նվազագույնի հասցնելն է, որոնք մարդու առողջությանը վնաս են պատճառում:
«Խնդիրներից մեկն է նաեւ թափոնների հավաքման եւ կառավարման պատշաճ կազմակերպման իրականացումը: Այս խնդիրների իրականացման հարցում գլխավորը ամեն ինչ անելն է, որ պետությունը որքան հնարավոր է քիչ ռեսուրսներ հատկացնի»,- հայտարարեց նա:
Նա նշեց, որ շրջակա միջավայրի աղտոտումը հասարակական թափոնների մինչեւ 2 կգ-ով կհանգեցնի 16 հազար դրամով տուգանքի: Նրա խոսքով՝ եթե նույն գործողությունը կատարվի բնակելի տան կամ շենքի կողմից, ապա տուգանքը կկազմի արդեն 20 հազար դրամ:




























