«Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհից հետո ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ակտիվ իրականացրել է գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի եւ ծծմբի երկօքսիդի անալիզներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, «Հրդեհ «Նաիրիտում». էկոլոգիական ռիսկեր եւ գնահատականներ պետական կառույցների աշխատանքին» թեմայով քննարկման» ժամանակ նշել է ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչ Արփինե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ մի քանի անգամ եղել են գետնամերձ օզոնի, ազոտի եւ ծծմբի երկօքսիդի գերազանցումներ, բայց ոչ այն քանակի, որ ինչ-որ վատ հետեւանքներ լինի. «Ունեցել ենք գերազանցումներ մի քանի անգամ: բայց օգոստոսի 29-ին արված անալիզի արդյունքները ցույց են տալիս, որ նվազել են գերազանցումները, արդեն ունենք միայն ծծմբի երկօքսիդի  գերազանցում: Նույնիսկ դա է նվազել»,- նշեց նա՝ հավելելով, որ դա հիմնականում վտանգավոր է ասթմատիկ հիվանդների, շնչառական խնդիրներ ունեցողների համար: Գաբրիելյանի խոսքով ակտիվ հետազոտությունները շարունակվում են:

Քննարկման մասնակից, քիմիկոս, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրաչիկ Միրզոյանն էլ ասաց, որ աչքով տեսանելի էր, որ արտանետվում էր մեծ քանակությամբ մուր. «Դա ծուխ անվանել չի կարելի, ծուխը մի քիչ այլ բաղադրություն ունի: Թերայրում էր կատարվում, մուրը դրա արդյունքում էր, հետեւաբար պետք է առաջանար շմոլ գազ՝ ածխածնի օքսիդ: Սակայն կատարված անալիզների մեջ այս բաղադրիչը մտած չէ: Բնապահպանության նախարարության համապատասխան օղակներն այս երկու նյութի անալիզները չեն կատարել: Ստացվում է, որ փնտրում ենք այն, ինչ-որ չպետք է լինի, եւ չենք փնտրում այն, ինչ-որ իրականում գոյություն ունի: Ինչո՞ւ է դա կատարվում: Կարծում եմ՝ բնապահապանության նախարարության համապատասխան օղակներն  այս հարցին պատասխան պետք է տան»:

Նրա խոսքով, եթե  ունենք ատոմակայան, «Նաիրտ»-ի նման գործարան, պետք է ունենանք նաեւ այդ ձեռնարկությունների վթարների հետեւանքների մասին գաղափար կազմելու համապատասխան սարքավորում, որպեսզի որոշվի, թե որքանով է աղտոտված շրջակա միջավայրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել: