Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրեն ունի։ Այսօր՝ օգոստոսի 30-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մայր թատրոնի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանին։ Վերջինս նախկինում եղել է Համազգային թատրոնի տնօրենը։ Նորանշանակը խոստացավ, որ տարեցտարի ունենալու է լավ թատրոն, իսկ եթե չկարողանա, սիրահոժար կհեռանա։ Նա վստահեցրեց, որ խնդիր չի  լինի նաեւ գեղարվեստական ղեկավար Արմեն էլբակյանի հետ աշխատանքային հարաբերություններում։  Այս հարցը հետաքրքրում էր լրագրողներին, քանի որ մայր թատրոնում  կուլիսային խարդավանքների պակասություն չի եղել։

Արմեն էլբակյանն ասաց՝ նախկինում գեղարվեստական ղեկավար-տնօրեն փոխհարաբերությունները  ամրագրված էին թատրոնի կանոնադրությամբ, հիմա չկա նման կարգ․ «Բայց կա այն բարոյականը, որը մշակել է մշակույթի նախարարությունը եւ այդ հարաբերությունները ճշտված են, այսինքն՝ գեղարվեստական մասը պիտի փորձի տնօրենի հետ միասին գտնել հնարավորը եւ մի կողմ  պետք է դնեն եսն ու ամբիցիաները»,-աաց  Էլբակյանը։  

«Ժամանակն է նոր մարտահրավեր ընդունելու ու դա լավագույնս կարող է լինել մայր թատրոնում եւ ճակատագիրը ինձ տվեց այս հնարավարությունը։ Կարծում եմ ՝ այլ տեղ չեմ տեղափոխվել, դարձյալ թատրոնում եմ, դա իմ տարրերքն է»,-ասաց Վարդան Մկրտչյանը, ինչին արձագանքեց Արմեն Ամիրյանը հետեւյալ մտքով․ «Ցանկացած զինվոր պետք է ձգտի դառնալ գեներալ»։