Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Վանաձորում քննիչի դարակահարության միջեադեպից. պարզվել է, դանակահարողը մինչ այդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի թիվ 3 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել է մի քաղաքացի, մոտեցել 30-ամյա Վահան Ա.-ին եւ դանակով մի քանի անգամ հարվածել նրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները տվյալ անձին` 44-ամյա Արայիկ Մ.-ին, բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին, իսկ Վահան Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ստացել է «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:

Նույն օրը, ժամը 17.00-ին, Վահան Ա.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ ժամը 14.00-ի սահմաններում, Արայիկ Մ.-ն, սպանության դիտավորությամբ, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից հետապնդել է իրեն մինչեւ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի վարչական շենքի մոտ եւ սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ հասցրել:

Նշանակվել է ԴԲՓ:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դանակն առգրավված է: Արայիկ Մ.-ն ձերբակալված է:

Արայիկ Մ.-ի մարմնի արտաքին զննությամբ նկատվել են վնասվածքներ: Հրավիրված շտապօգնության խումբն ախտորոշել է «ձախ արմունկի քերծվածք, աջ ոտնաթաթի դրսային մակերեսի քերծվածք»:

Ժամը 17.30-ին Արայիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի սկզբնամասում անձնական հարցերի շուրջ խոսելու համար Վահան Ա.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելիս, վերջինիս կողմից իրեն ավտոմեքենայով հարվածելու հետեւանքով, ինչից հետո ինքը հետապնդել է Վահան Ա.-ին եւ ոստիկանության Տարոնի բաժնի վարչական շենքի մոտ դանակով հարվածներ հասցրել նրան:

Կատարվում է նախաքննություն»:

Նույն խնդրի առնչությամբ, Քննչական կոմիտեն մի փոքր այլ կերպ է ներկայացրել տեղի ունեցածը, ըստ որի, օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վահան Այվազյանին։

Նրան անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են  «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»:

Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։  Կասկածյալը ձերբակալվել է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզում, օգոստոսի 29-ին, սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի դիմաց Վանաձորի բնակիչ Արայիկ Մ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահան Ա.-ի կրծքավանդակի ձախ հատվածին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Արայիկ Մ.-ն, ով Վահան Ա.-ի աներն է եւ, ըստ տեղեկությունների՝ այն կապված չէ Վահան Ա.-ի մասնագիտական գործունեության հետ, այլ ընտանեկան անհամաձայնություն է: