Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքը կապամոնտաժվի: Այս մասին հարցը ներառված է կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը գործադրին է ներկայացրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է ինստիտուտի շենքը քանդել՝ նոր շենք կառուցելու նպատակով:
Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքի նկատմամբ կառավարության 2007 թվականի որոշմամբ ճանաչվել էր բացառիկ՝ գերակա հանրային շահ:
Նշված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4875.5 քմ, որը ծանրաբեռնված է երրորդ անձանց պատկանող անշարժ գույքերով: Ամիրյան 26 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար նախատեսված տարածքը կազմում է 1278.07 քմ, որից 1006.98 քմ մակերեսը հանդիսանում է պետական եւ երեք մասնավոր անձի ընդհանուր բաժնային, իսկ 271.09 քմ մակերեսով հողամասը Երեւան համայնքի սեփականություններ:
Ներկայացված որոշման ընդունումը պայմանավորված է Կենտրոն վարչական շրջանում 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցմամբ, 955.69 քմ հողամասի վրա Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժելու եւ նոր շենքի կառուցմամբ եւ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգմամբ:
Այս ծրագրի հետ կապված կրթության եւ գիտության նախարարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել: Առարկություններ չի ներկայացրել նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:




























