Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրով վերակառուցվում են «Հրազդան ՋԷԿ»-ից մինչ «Շինուհայր» ենթակայան ընկած շուրջ 230 կմ երկարությամբ «Նորադուզ»-«Լիճք»-«Վարդենիս»-«Վայք»-«Որոտան-1» 220 կՎ եւ մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» եւ «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված 39 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով համաձայնագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը եւ նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ «Նորադուզ», «Լիճք» եւ «Որոտան-1» օդային գծերի կառուցման աշխատանքներն ավարտվել են եւ դրվել են լարման տակ: Շարունակվում են «Վարդենիս» եւ «Վայք» օդային գծերի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ։
Այժմ ավարտական փուլում են «Լալվար» եւ «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի վերակառուցման նախագծման աշխատանքները: Իրականացվում են վերակառուցման նախապատրաստական աշխատանքներ, կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին։




























