Դպրոցները պետք է մշտապես կապի մեջ լինեն միմյանց հետ եւ ապահովեն փորձի փոխանակում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրներն ու հիմնական առաջնահերթությունները:
Իր ելույթում նախարարը նշել է, որ դպրոցները պետք է մշտապես կապի մեջ լինեն միմյանց հետ եւ ապահովեն փորձի փոխանակում, քանի որ, ըստ Լեւոն Մկրտչյանի, միայն այդ կերպ է հնարավոր արդյունավետ բարեփոխումներ ապահովել համակարգում: Նախարարը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ միայն բաց հարթակում կարող են տարաբնույթ քննարկումներ լինել, որպեսզի այդ թվում բազմավաստակ մանկավարժները հնարավորություն ունենան իրենց դիտարկումները հստակ եւ հրապարակային արտահայտել:
«Կրթության հիմնախնդիրները եւ, մասնավորապես, կրթության որակի բարձրացման հարցը հուզում է հասարակության բոլոր շերտերին: Վստահեցնում եմ, որ բարձրաձայնված ոչ մի խնդիր անտեսված չի մնա, քանի որ կրթության որակը, ուսուցչի եւ դպրոցի հեղինակությունը կբարձրանա միայն այդ խնդիրների լուծումից հետո: Ներկայումս համակարգը գտնվում է լուրջ վերափոխումների շեմին: Մոտ ապագայում հանրությանը կներկայացվի մինչեւ 2030 թվականի Կրթության զարգացման պետական ծրագիրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է կրթության զարգացման հիմնական ուրվագծերը, եւ ինչպես ժամանակին դրված էր «Կրթություն բոլորի համար» քաղաքականությունը, ապա ներկայումս նոր՝ կրթակարգերի առկայություն է ավելի շատ պահանջում եւ հեռանկարային ուղղվածություն է սահմանվել մինչեւ 2030 թվականը:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկիր, մեկ անգամ եւս գնահատելով իր ռեսուրսները, պետք է հասկանա՝ դեպի ուր նպատակաուղղել կրթական համակարգը»,-նշել է նախարարը՝ իր ելույթում անդրադառնալով բնագիտական առարկաների կարեւորման, օտար լեզուների մեթոդիկայի որակական պահանջների բարձրացման, կառավարման քարտեզի արմատական լուծման, դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման եւ այլ խնդիրների: «Բոլոր այս խնդիրներից զատ, անհրաժեշտ է վերանայել կրթական չափորոշիչները եւ իրականացնել ուսումնական ծրագրերի եւ ուսուցիչների աշխատանքի բեռնաթափման աշխատանքներ՝ միաժամանակ պահպանելով կրթության որակը:
Շատ կարեւոր է նաեւ տարակարգերի խնդիրը. ուսուցչին անհրաժեշտ է վերադարձնել իր մոտիվացիան, եւ, օրինակ, 1-4-րդ տարակարգերի մեջ պահպանել վարձատրության համամասնության սկզբունքը:
Եթե, օրինակ, ուսուցիչը գիտությունների թեկնածու է, ուրեմն վերջինս պետք է հնարավորություն ունենա թռիչքաձեւ բարձրացնել իր տարակարգը»,-ընդգծել է նախարարը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանն իր հերթին նշել է, որ ԿԳ նախարարի հետ նախորդ հանդիպումից հետո մի շարք բարձրաձայնված հարցեր ստացել են իրենց լուծումները: Նրա խոսքով՝ այս անգամ եւս միությունը պատրաստվում է ներկայացնել առաջարկների փաթեթ, քանի որ ըստ Ռուզաննա Մուրադյանի, միայն ազատ քննարկումների արդյունքում է հնարավոր գտնել համարժեք եւ արդյունավետ լուծումներ:
Ներկաները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման, փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի եւ այլ խնդիրների:




























