Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը, որի ներքո կձեւավորվի երեք կարեւոր ծրագիր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Ներկայացնելով ոլորտի առաջնահերթությունները, նա նշել է, որ կրթության ոլորտի բարեփոխումները թեւակոխում են նոր փուլ, ինչն էլ ենթադրում է կրթական ամբողջ համակարգի արմատապես վերափոխում:

«Մենք հիմա միջառարկայական կապերով փորձում ենք կրթական համակարգի բուրգը հստակ ձեւավորել։ Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը, որի ներքո կձեւավորվի երեք կարեւոր ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ եւ միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր: «Ուսուցիչ» նախաձեռնությամբ էլ մենք ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը եւ կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով իսկ նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը», - նշել է ՀՀ ԿԳ նախարարը: 

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳ նախարարությունն ու կրթական օջախները շարունակելու են ակտիվ համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա համատեղ ուժերով լուծումներ տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռեւս ծառացած են կրթական համակարգի առջեւ:

Խորհրդակցության ժամանակ անցկացված հարցուպատասխանի ժամանակ տնօրենները հնարավորություն են ունեցել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկներն ուղղելու ոլորտի պատասխանատուներին: