Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը փաստացի տնային կալանքի մեջ է հայտնվել քաղաքացիական պատերազմում իր դաշնակիցների՝ ապստամբ հուսիթների հետ գժտվելու պատճառով: Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղացի պաշտոնյաներին:

Սալեհի եւ «Անսար Ալլահ» հուսիթական շարժման միջեւ հակադրությունը ծագել է նրանց ուղղված Սալեհի մեկնաբանություններից հետո. հուսիթները վիրավորական են համարել իրենց դերի մասին միայն որպես «աշխարհազորային» բնութագրելու Սալեհի խոսքը: Իրավիճակը սրվել է անցած հանգստյան օրերին, երբ ապստամբների վերահսկած մայրաքաղաք Սանայում բախումների հետեւանքով սպանվել է Սալեհի համախոհ գնդապետ Հալեդ Ռեդան:

Պաշտոնյաները գործակալությանն ասել են, որ Սալեհը գրեթե մեկ շաբաթ Սանայի իր տնից դուրս չի գալիս: Ապստամբները նրան թույլ չեն տվել գնդապետի հուղարկավորությանը մասնակցել, իսկ տարաձայնությունների հաղթահարման բանակցությունները դեռեւս անարդյունավետ են: Հուսիթները կարծում են, որ Սալեհը փորձում է իրենց դեմ դավադրություն կազմակերպել Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հուսիթների դեմ պատերազմող արաբական կոալիցիայի հետ: