Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի կապիտուլյացիայի միջոցով հնարավոր էր 1994 թվականից հետո, երբ Բաքուն թուլացած էր եւ մեկուսացված, ինչը հիմա արդեն չկա: Օգոստոսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Արմեն Կարապետյանը:
Նրա կարծիքով՝ հայկական կողմը Ադրբեջանի սկսած պատերազմը տրամաբանական ավարտին հասցնելու հնարավորություն ուներ՝ վերջինիս կապիտուլյացիա հարկադրելով, սակայն դա չարվեց:
«1994 թվականին նրանք դա կընդունեին: Դե, գոնե 1995-ին: Այո՛, դա կարող էր տեղի ունենալ: Բայց քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը տնտեսապես եւ ռազմականապես հզորացել է, եւ դրա հետ մեկտեղ՝ մենք թուլացել ենք բնակչության արտագաղթի պատճառով, ես իրատեսական չեմ համարում Ադրբեջանին կապիտուլյացիայի հարկադրելու հնարավորության մասին խոսակցությունները»,- պարզաբանեց Կարապետյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ մնում է հույսը դնել միայն բանակցային գործընթացի վրա:
Պատմաբանը կարծում է, որ սա հենց այն ուղին է, որը կհանգեցնի ստեղծված իրավիճակի խելամիտ լուծմանը:
«Այո՛, հնարավոր է՝ ստիպված լինենք ինչ-որ զիջումների գնալ, սակայն մեզ կհաջողվի գլխավորը պահպանել: Մեզ կհաջողվի պահպանել Ղարաբաղի անկախությունը եւ ապհովել մեր ժողովրդի անվտանգությունը: Ստեղծված իրավիճակում ես սա եմ իրատեսական համարում»,- նշեց Արմեն Կարապետյանը:




























