Երբ նոր Սահմանադրությամբ խորհրդարանի դերակատարումը մեծանում է, ամենատարբեր կառույցների, մասնավորապես Հանրային խորհրդի հետ սերտ համագործակցությունը դառնում է առաջնային: Այս մասին, օգոստոսի 30-ին, Հանրային խորհդի նիստում նշել է ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի նախկին անդամ Խոսրով Հարությունյանը:
Նիստում քննարկվել է Հանրային խորհրդի եւ Ազգային ժողովի համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները:
Հանրային խորհրդաից NEWS.am-ին հայտնում են, որ Հարությունյանի կարծիքով՝ այժմ, երբ խորհրդարանի դերակատարումը մեծանում է, ամենատարբեր կառույցների, մասնավորապես Հանրային խորհրդի հետ սերտ համագործակցությունը դառնում է առաջնային: Վերջինս նշել է, որ իրենց հանձնաժողովը պատրաստ է լրջորեն համագործակցել Հանրային խորհրդի հետ, քանի որ իրենց նպատակն է հանձնաժողովը դարձնել քննարկումների ակտիվ ու արդյունավետ հարթակ, որտեղ բարձրացվելու են տնտեսությանը վերաբերող ամենատարբեր հարցեր, բախվելու են կարծիքներ:
«Մենք քննարկելու ենք հայեցակարգային հարցեր, եւ մեր խնդիրը շատ հստակ է՝ այդ հարցերի վերաբերյալ ձեւավորել մոտեցումներ, որոնց իրականացումն ու պատասխանատվությունը գործադիր իշխանությանն է»,-նշել է Հարությունյանը:
Հանրային խորհրդի նախագահն իր հերթին կարեւորել է խորհրդարանի հետ համագործակցելու անհրաժշտությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի արդյունավետ ու հեռանկարային: Վ. Մանուկյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ՀԽ եւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի միջեւ կսկի իրականացնել համագործակցության առաջին քայլերը: Առաջարկ է հնչել ձեւավորել հայեցակարգային հարցերի շրջանակ, որոնք պետք է առաջիկայում քննարկվեն:
Նշենք, որ 2018 թվականից, երբ նոր Սահմանադրության համաձայն մեր երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի, կփոխվի նաեւ ՀՀ Հանրային խորհրդի կարգավիճակը, կվերաձեւակերպվեն լիազորությունները, փոխհարաբերությունները օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հետ: Նոր Սահմանադրության մեջ արդեն իսկ ամրագրված է Հանրային խորհրդի գոյությունը, ինչը հնարավորություն կտա նաեւ մշակել եւ ընդունել «Հանրային խորհրդի մասին» օրենք՝ կառույցի գործունեությունն ամրագրելով օրենսդրորեն: Եթե մինչ այժմ Հանրային խորհրդի համագործունեությունն առավել ակտիվ էր ՀՀ նախագահի եւ ՀՀ կառավարության հետ, ապա կառավարման նոր համակարգի դեպքում ՀԽ-ն ակտիվորեն կհամագործակցի նաեւ Ազգային ժողովի հետ:




























