Վրաստանում թուրքական ազդեցությունը նվազեցնելու լուրջ քարոզարշավ է սկսվել։ Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ Վրաստանում առողջ ուժերը շատ լավ հասկանում են, որ երկրում թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը, որն աստիճանաբար քաղաքական ազդեցության է վերածվում, առաջին հերթին հենց երկրի համար դրական հետեւանքների չի հանգեցնի։

«Նրանք շատ լավ գիտակցում են, Թուրքիան ու Ադրբեջանը՝ Վրաստանում խոշոր ներդրումների միջոցով, աստիճանաբար կարող են նաեւ քաղաքական գործընթացների պատվիրատուներ դառնալ։ Այդ ֆոնին ջերմացան հայ-վրացական հարաբերությունները։ Մենք նոր ենք միայն սկսում իրական հայ-վրացական բարեկամությունը»,- նշեց Շիրակ Թորոսյանը։

Պատգամավորը հավելեց, որ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին, հայ-վրացական բարեկամությունը ձեւական էր։ «Բայց ասյօր Վրաստանում քաղաքական մտածելակերպը փոխվում է»,- ընդգծեց Թորոսյանը։