Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երեւան-Սեւան ուղղությամբ) եւ 64-57-րդ կմ (Սեւան-Երեւան ուղղությամբ) հատվածներում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինարարությունը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը եւ վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։

Շինաշխատանքներով պայմանավորված` այս հատվածներում երթեւեկությունն այժմ սահմանափակված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթեւեկը կազմակերպված է տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սեւանից Երեւան եկող ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց հիմնանորոգվող ճանապարհահատված` հետեւելու կատարվող աշխատանքներին եւ հավաստիանալու, որ երթեւեկության այլընտրանքային ճանապարհը կահավորված է բավարար քանակի զգուշացնող եւ անվտանգության նշաններով։

«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը նախարարին հայտնեց, որ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպություններն արդեն սկսել են ֆրեզավորման աշխատանքները։ Նախատեսված է իրականացնել  երկու  երթեւեկային  մասերի եւ կողնակի  5սմ հաստությամբ ֆրեզավորում եւ ասֆալտապատում:

Ճանապարհի երթեւեկության անվտանգությունը ապահովվելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների  բաժանիչ  գոտում` մետաղական պաշտպանիչներ։

Պայմանագրով նախատեսվում է շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերի 10-ին, սակայն աշխատանքի տեմպն արդեն իսկ գոհացուցիչ է, եւ ճանապարհաշինարարները խոստանում են ժամկետից շուտ շահագործման հանձնել որակյալ ճանապարհ` հնարավորին քիչ ժամանակ անհարմարություն պատճառելով վարորդներին։

Ճանապարհը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով: