Հայաստանը հեռանկարային երկաջերմային պաշարների տվյալներ ունի, ուստի չի կարելի դրանց հետախուզումը դադարեցնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրային խորհրդի Ընդերքի երկրաբանական հետազոտման եւ ռացիոնալ օգտագործման հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Գարիկ Բաբուրյանը:

Սիսիանի շրջանում Ջերմաղբյուր-Քարքար տեղամասը հեռանկարային է համարվել դեռեւս խորհրդային տարիներին, քանի որ գտնվում է չսառած հրաբխային օջախների տարածքում: Դեռեւս 4 հազար տարի առաջ (երկրաբանների չափանիշներով՝ դեռեւս երեկ) դրանք ակտիվ էին: Հետխորհրդային տարիներին հետախուզման համար ֆինանսավորում հատկացվում էր, սակայն առաջին անգամ  տապալվեցին անդրկուլիսային որոշումների պատճառով, իսկ երկրորդ՝ թանկարժեք հորատանցքերը ոչ միշտ էին պատշաճ հաշվարկով հորատվում:

Դեռեւս 2004 թվականին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտը՝ Մոսկվայի պետական համալսարանի մասնագետների հետ նույն տեղանքի համար երկրաֆիզիկական մոդել է կազմել, որում նշել է հորատանցքի տեղը՝ 2,5 կմ-ի վրա: Աշխատանքը տեսնելով՝ Համաշխարհային բանկի փորձագետները խորհուրդ են տվել այն 3 մլն դոլար դրամաշնորհի ներկայացնել:

Գումարն արդեն գրեթե պատրաստ էր, սակայն խոշոր մասնավոր ներդրող միջամտեց: Որոշելով, որ տեղամասը կարող է անվճար էներգիա տալ, նա դիմեց եւ հորատելու համար թույլտվություն ստացավ: Ցավոք, ավելի քան 10 տարվա ընթացքում նա այդպես էլ ոչինչ չարեց, իսկ ՀԲ-ի դրամաշնորհը «ձեռքից բաց թողնվեց»: 

Չնայած դրան, 2008-14 թվականներին Բանկն, այնուամենայնիվ, Քարքարում հետագա հետազոտությունների համար մի քանի դրամաշնորհներ տրամադրեց: Աշխատանքներն իրականացրել են արտասահմանյան ընկերությունները, իսկ դրանք գնահատել է «Գեոռիսկ» ընկերությունը: Սակայն վերլուծությունը հաշվի չի առել երկարաջերմային հանքավայրի կազմավորման սկզբունքները, ինչն էլ անդրադարձել է հորատանցքի կետերի հանձնարարականների վրա:

Ինչպես հայտնի է, երկրաբանության մեջ բացասական արդյունքը նույնպես արդյունք է: Առաջին հորատանցքում հայտնաբերվեց ընդամնեը +110 С: Կենցաղային չափանիշներով՝ միանգամայն տաք, սակայն էլեկտրակայանի համար անհրաժեշտ է գոնե +150 եւ էներգատար՝ ջրագոլորշային խառնուրդ, որը տուրբինը կպտտեցնի: Իսկ հորատանցքը, պարզվեց, դատարկ է:

«Այդուհանդերձ, երկրորդ հորատանցքը հորատեցին առաջինի անմիջական մերձակայքում, որն արդեն տարակուսանք է առաջացնում»,- նշեց Բաբուրյանը:

Արտասահմանյան փորձագետները որոշեցին՝ քանի որ անհրաժեշտ պաշար չկա, հետագա հորատումն իմաստ չունի: Հիմա տեղամասում աշխատանքները պահածոյացված են, իսկ դրամաշնորհի մնացորդը (մոտ 2 մլն դոլար 8,5-ից) ետ կանչելու սպառնալիքի ներքո է:

«Մենք դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի ղեկավարությանը՝ խնդրելով մնացյալ միջոցները հորատման համար հատկացնել ըստ Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի 2004 թվականի հետախուզման տվյալների:

Մեկ անգամ եւս նշենք, որ նրա արդյունքներն արժանացել են մասնագետների եւ իր՝ ՀԲ-ի հավանությանը, որը եւ արտահայտել են իրենց 2006 թվականի հաշվետվության մեջ: Մենք կարծում ենք, որ տվյալ տարածքում երկրաջերմային հանքավայր կա, եւ այսքան տարիներից ու ծախսված միջոցներից հետո այն բաց թողնելն ափսոս կլիներ»,- ընդգծեց Բաբուրյանը: