Հայաստանում 12-ամյա կրթության պարտադիր լինելն առաջին հերթին վատ է տղաների համար: Այս կարծիքին են սեպտեմբերի 1-ին երեխաների հետ դպրոց եկած ծնողների մեծ մասը: NEWS.am-ի հետ զրույցում ծնողներից Լուսինե Սարգսյանը նշեց, որ այս փոփոխությունը կարող է ավելի շատ բացասական ազդեցություն ունենալ երեխաների վրա, քան դրական:

«Ցանկալի էր, որ լիներ 10 տարվա ուսուցում, բայց եթե պետությունն այդպես է գտնում, ուրեմն այդպես ճիշտ է: Տարիներ առաջ երեխաները 7 տարեկանից էին դպրոց գնում, ավարտում էին 10-րդ դասարանը, հիմա 5 ու կեսից են գնում՝ ավարտում են 12-րդ դասարանը: Հնարավոր է, որ ծրագիրն ավելի են հեշտացրել, հիմա 12 տարվա պարտադիր ուսուցում են դարձրել: Սա տղաների համար է դժվար, քանի որ նրանք պետք է գնան ծառայելու, իսկ աղջիկների համար երեւի տարբերություն չկա»,-ասաց նա:

8-րդ դասարանում սովորող Ալինա Հովհաննիսյանն էլ նշեց, որ 12-ամյա կրթության պարտադիր դարձնելը ճիշտ է. «Կարծում եմ, որ այս քայլով Հայաստանում կրթության որակն ավելի կբարձրանա, ոչ ոք 10-ից հետո տանը չի նստի, պարտադրված կշարունակի ուսումը»:

NEWS.am-ի հետ զրույցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը նշել էր, որ Հայաստանում 12-ամյա կրթության պարտադիր լինելը սահմանափակում է երեխաների իրավունքը:

Նշենք, որ Կրթության մասին ՀՀ օրենսդրությունում եւ Հանրակրթության մասին ՀՀ օրենսդրությունում դեռեւս 2015թ. է փոփոխություն կատարվել՝ 2017-2018 ուստարվա դպրոց հաճախողների համար 12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելու վերաբերյալ: