Ամերիկյան հեղինակավոր ընկերությունների ավելի քան 350 ղեկավարներ ու ներկայացուցիչներ՝ ներառյալ Apple-ը, Google-ը, Hewlett-Packard-ը, Amazon-ը եւ Microsoft-ը, բաց նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով DACA միգրացիոն ծրագիրը երկարաձգելու հրամանագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը (ԱՄՆ նախագահն այդ կապակցությամբ վերջնական որոշում կկայացնի սեպտեմբերի 5-ին), փոխանցում է DW-ն։
DACA-ն (Deferred Action for Childhood Arrivals) մեկնարկել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին՝ 2012 թվականին։ Այն մինչեւ 16 տարեկան ներգաղթյալ երեխաներին պաշտպանում է արտաքսումից։ Հետագայում նրանց կարող է ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատանքի տեղավորվելու հնարավորություն ընձեռվել։
Դոնալդ Թարմփը դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր դադարեցնել ծրագիրը, որի ազդեցությունը տարածվում է շուրջ 800 հազար մարդու վրա։
«Անձինք, որոնց վրա տարածվում է այդ ծրագրի ազդեցությունը, մեծացել են Ամերիկայում։ Նրանք պաշտոնապես գրանցված են, ստուգվել են նրանց տվյալները, հասարակական կյանքում իրենց վաստակն ունեն եւ վճարում են հարկերը։ Նրանց ավելի քան 97 տոկոսը սովորում է դպրոցում կամ աշխատում է»,- ասվում է նամակում։




























