ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի ղեկավարությամբ, օգոստոսի 29-ից ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում մասնակցում է «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժությանը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժությանն ընդգրկված են նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները:

Մարտական կրակով անցկացվող զորավարժության թեման է «ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության շրջանակներում հակաահաբեկչական գործողությունների եւ զինված ընդհարումների ժամանակ ավիացիայի եւ ՀՕՊ զորքերի համատեղ պատրաստումն ու կիրառումը»:

Զորավարժության նպատակներից են համատեղ խմբավորման կազմում հրամանատարներին եւ շտաբերին զորքերի կառավարման գործնական հմտությունների փոխանցումը, մարտական գործողությունների ժամանակ ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ զորքերի փոխգործակցելիության կատարելագործումը:

«Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության ակտիվ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 4-ին: