Գյումրիի Վարպետաց և Ռուսթավելի փողոցների հատման կետում քաղաքի «ամենաերիտասարդ» թանգարանն է. դերասան Մհեր Մկրտչյանի թանգարանը բացվել է ընդամենը 11 տարի առաջ:
Ֆրունզիկն այս տանը չի ապրել, հիմնադիրները, սակայն, ամեն կերպ փորձել են պահպանել սիրված դերասանի տան տեսքը: Ինչպես հայտնի է, դերասանն ապրել է 1 սենյականոց փոքրիկ բնակարանում, որը տուն-թանգարան դարձնելն ըդտ այդմ նպատակահարմար չի եղել:
«Նախկինում սա խաշարան է եղել: Ֆրունզիկը միշտ այստեղ է եկել եւ նրա երկրպագուները հավաքվել են հենց այս խաշարան՝ իրենց սերն ու նվիրումը ցույց տալու հայտնի դերասանին: Այդ պատճառով 2004թ.-ին որոշվեց այն թանգարան դարձնել: Բացումը եղել է 2006թ.-ի դեկտեմբերին»,- պատմում է թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը:
19-րդ դարի վերջին կառուցված այս շենքի տարածքը նույնպես փոքր է, բայց մի սենյակն ամբողջությամբ բավարար է եղել հավաքելու սիրված դերասանի անձնական պարագաները, բեմական հագուստները, տարբեր ֆիլմերում օգտագործված իրերը: Այցելուներին առաջին հերթին ցույց են տալիս հանրահայտ կամոդը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը «01-99»-ից:
Այնուհետեւ արդեն ուշադրություն են գրավում դերասանի վերարկուն, գլխարկը, բեմական տարբեր հագուստները, գրքերն ու իհարկե, արձանիկ փղերը: Դերասանն ամեն երկրից արձանիկ փիղ է բերել հետը: «Հետաքրքիր է, որ փղիկների կնճիթների դեպի ներքեւ են ուղղված, ինչը նշանակում է՝ անձը երջանկության կամ դժբախտության ակնկալություն կա»,- ասում է տնօրենը:
Թանգարանի պատից կախված է տիկնիկը, որը թանգարանին է նվիրել դերասանի թոռնուհին 2007թ.-ին: «Թոռնուհին ասաց՝ երանի այս տիկնիկը խոսել իմանար, ինչեր ասես, չէր պատմի իմ պապիկի մասին...»,- հիշում է Շողիկ Մելքոնյանը:
Ֆրունզիկի մենակության անխոս ապացույցը տաբատի գրպանում հայտնաբերված կեղտոտ թաշկինակն է. դերասանը զրկված էր կնոջ խնամքից:
Չնայած թանգարանի տարածքը բավականին փոքր է, Շողիկ Մելքոնյանը վստահեցնում է, որ այստեղ կարող են տեղավորել դերասանի բոլոր իրերն ու նվերները: Նշենք, որ ինչպես քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մյուս թանգարանները, այստեղ նույնպես հուլիսի 1-ից այցելուները պետք է մուտքավճար տան: Թե ինչքանով սա կազդի այցելուների թվի վրա, տնօրինությունը դեռեւս չի փորձում կանխատեսումներ անել: Նրանք հույս ունեն, սակայն, որ Կումայրի արգելոց-թանգարանի շինարարության ավարտից հետո զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի դեպի Գյումրի եւ Վարպետաց փողոց:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյան/NEWS.am




























