ՌԴ Դաշնային խորհուրդն օրինագիծ է պատրաստում, որի համաձայն՝ «անընդունելի վարքագծի» դեպքում օտարերկրյա քաղաքացիներին Ռուսաստանից արտաքսելը հնարավոր կդառնա։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ 

«Անցանկալի վարքագիծ» է համարվում ազգային անվտանգությանը վնասող գործունեությունը։ Մասնավորապես՝ օրենքի հեղինակների ուշադրության կենտրոնում են «ազգային ու կրոնական ատելություն բորբոքելը,  քաղաքական երկպառակությունը», ինչպես նաեւ ընտրական գործընթացին պոտենցիալ միջամտությունը եւ երիտասարդության հետ «դրսից տարվող» աշխատանքները։

Նշվում է, որ եզրը կկիրառվի նաեւ ռուսաստանցի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց նկատմամբ. նման պարագայում նրանց վարչական կամ քրեական պատասխանատվություն է սպառնում։

Նախագիծը Պետդումայի քննարկմանը կհանձնվի 2018 թվականի սկզբին։ Այն պետք է համալրի «Անցանկալի կազմակերպությունների մասին» 2015 թվականին ընդունված դաշնային օրենքը, որը սահմանափակում է միջազգային կամ հասարակական կազմակերպության գործունեությունը, եթե այն սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի սահմանադրական կառույցին, նրա պաշտպանունակությանն ու անվտանգությանը։