Վրաստանի ԿԸՀ-ն  մտադիր է դատախազություն դիմել՝ Ախալքալաքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանի հասցեին սպառնալիքների հետ կապված։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Աննա Միքելաձեն։

Նրա խոսքով՝ Մարանգոզյանին ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ Սամվել Պետրոսյանն է սպառնացել։ Այժմ Պետրոսյանի որդին շրջկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարն  է։  ԿԸՀ տվյալներով՝ Պետրոսյանը եւ նրա որդին Մարանգոզյանին սպառնացել են սպանել եւ այրել նրա տունը:

«Ելենլով նրանից, որ նշված փաստերը կարող են հանցագործության նշաններ պարունակել՝  ստացված տեղեկությունն ուսումնասիրելու համար այն դատախազություն է ուղարկվել։ Ընտրական մարմինների աշխատանքին նմանատիպ միջամտությունն արդեն վտանգավոր միտումներ է ստանում, ինչը ժամանակին արձագանք է պահանջում»,-ասել է Միքելաձեն։

Միքելաձեի խոսքով՝ Ախալքալաքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահին Պետրոսյանի կողմից սա առաջին սպառնալիքը չէ։ Ավելին, նա հավակնություններ է ներկայացրել Ախալքալաքի մարզային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Պաատա Փանջիկիձեին՝ նրան մասնագիտական գործունեության պատճառով։

Վրաստանում քաղաքացիները հոկտեմբերի 21-ին կընտրեն տեղի օրենսդիր մարմիններին (2058 պատգամավորի), ինչպես նաեւ 64 քաղաքապետերի եւ շրջանների ղեկավարների։

63-ամյա Սամվել Պետրոսյանը 1991-1992 թթ. եղել է Ախալքալաքի մարզպետը: Դրանից հետո Ախալքալաքի ռազմական խորհրդի ղեկավարն է եղել եւ նույն թվականին զբաղեցրել քաղաքապետի պաշտոնը: Տարբեր տարիների եղել է Վրաստանի ՆԳՆ աշխատակից: 2012-ին Պետրոսյանը  «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից ընտրվել էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, սակայն 2015-ին հրաժարական էր տվել: