Չինաստանը «կոշտ նկատողություն» է արել Հյուսիսային Կորեային՝ հերթական միջուկային փորձարկման հետ կապված։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։

«Չինական կողմը ՉԺՀ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանատանն արդեն կոշտ նկատողություն է արել՝ վեցերորդ միջուկային փորձարկման հետ կապված»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Գեն Շուանը։

Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար կարելի է որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հյուսիսային Կորեան պնդում է, որ միջուկային լիցքի փորձարկումը չի հանգեցրել  ճառագայթման արտահոսքի եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի ունեցել։