Լեւոն Մկրտչյանը միշտ գալիս է, ու իր անցած, արած գործը կասկածի տակ դնու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: «Շատ եմ սեւեռվում Լեւոն Մկրտչյան անուն ազգանունի վրա, որովհետեւ հնարավոր չի չսեւեռվել, եւ չասել, որ չորս անգամ միշտ գալիս է Լեւոն Մկրտչյանը ու իր անցած արած գործը կասկածի տակ դնում, էլ քանի՞ անգամ գա, որ ասի, որ այս անգամ ճիշտ է, լավ է: Մեր երկրում օրենքը չի գործում, օրինակ ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, այսքան տարիների ընթացքում չի եղել մեկ անգամ, որ կասեցվի որեւէ ուսուցչի գործունեությունը: Չի գործում ուսուցչի աշխատատեղի մրցույթը»:

Հանդիպմանը ներկա կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նշեց, որ ներկա կրթական համակարգում բավական բուռն իրավիճակ է, մեկը մյուս հետեւից ծրագրերի մասին է խոսվում, նախորդ տարվա ծրագրերն էլ դրվում են հարցականի տակ:

Նրա խոսքով, օրինակ դպրոցների կառավարման, ֆինանսավորման համակարգերն այսօր չեն աշխատում եւ փորձում են մեղադրել տնօրեններին. «Դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունից են խոսում: Երբ 2008-ին որոշեցին անցնել 11-ամյա կրթության, պատճառը Բոլոնիայի գործընթացը չէր, այլեւ դպրոցական ծրագրերի բաշխումը, ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար: Սակայն դրան զուգահեռ նոր առարկաներ մտցրեցին, հիմա էլ ուզում են 12-րդ դասարանը բեռնաթափել: Ստացվում է, վերցնում ենք ինչ-որ մի գաղափար, որը շատ դուր է գալիս, վարկային ֆինանսավորմամբ, առանց հանրային քննարկման, ներդնում են, հետո գումարը վերջանում է, ասում են ծրագիրը չաշխատեց»:

Նրա խոսքով՝ պետք է բարեփոխումներրը լավ նախապատրաստել, դնել հանրային քննարկման եւ ամենակարեւորը հասկանալ, դրա տակ ֆինանսավորում լինելո՞ւ է, թե՞ ոչ. «Այսպիսի մի բան է ստացվում՝ ներկրում ենք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, հետո «Զապորոժեցի» փողերով ուզում ենք այդ «Մերսեդեսը» պահել»: