ՀՅԴ-ն չունի 2018 թվականի իրենց վարչապետի թեկնածուին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն սատարի ՀՀԿ-ի թեկնածուին, այս դեպքում Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Օրը կգա դրա մասին կխոսեք, չգիտեմ հանրապետականները ներկայացնում են Սերժ Սարգսյանին, թե`ոչ»:
Դիտարկմանը, թե լուրեր կան, որ Սերժ Սարգսյանը կարող պաշտոնապես չդառնա վարչապետ, բայց շարունակի երկիրը կառավարել դրածո վարչապետի միջոցով, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Ես թափառող կարծիքներ չեմ մեկնաբանում»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» հայտարարություններին, թե իրենց համար օրակարգային հարցն այն է, որ թույլ չտան 2018-ին Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, ՀՅԴ ներկայացուցիչը նշեց. «Ցանկացած քաղաքական ուժ սահմանադրորեն ինչ ակտիվություն ուզի կարող է ցուցաբերել, մենք չենք պատրաստվում միանալ նրանց ծրագրերին: Մենք ունենք մեր ծրագրերը եւ դրանով էլ առաջնորդվելու ենք»:
Արմեն ռուստամյանը դեմ է նաեւ ԵՏՄ կազմից դուրս գալու «Ելք»-ի առաջարկին. «Ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է այդպիսի խնդիր դնենք մեր առջեւ` Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու համար: Ընդհակառակը մենք պետք է մեր առջեւ դնենք խնդիր նրանց ընձեռած հնարավորություններից օգտվելու համար: Մենք կարող ենք մեր համագործակցությունը խորացնել: Այսօր չկա որեւէ իմաստ վայրիվերումների մեջ ընկնել: Դրա իմաստ որն է, երբ որ Եվրոպան է հասկացել, որ դա անելով խնդիրների մեջ է ընկնում: Ոչ մի բան չի խանգարում, որ մեր ռազմաքաղաքական հարցերը կարգավորենք այդ կառույցին անդամակցելով»:




























