Սեպտեմբերի 4-ին մեկնարկել է հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրի իրականացման պատասխանատուների 2017 թվականի վերապատրաստման դասընթացը:

Արդարադատության նախարարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ այն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի հրամանով, որով էլ հաստատվել են վերապատրաստման դասընթացների ծրագրերը, ժամանակացույցը եւ մասնակիցների թիվը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարեւորել է գործադիր մարմիններում հակակոռուպցիոն դասընթացի իրականացումը եւ հավելել, որ գերատեսչության ներկայացուցիչները պետք է հետեւողական լինեն ծրագրի իրականացմանը:

«Մենք դասընթացի ժամանակ կկենտրոնանանք պրակտիկ հարցերի վրա. մասնակիցներին կներկայացվեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված տեղեկատվություն, այդ թվում նաեւ՝ ՀՀ քաղաքացիների հետ շփումներում արդյունավետ օգտագործվող էլեկտրոնային կառավարման ծրագրերը»,-նշել է Սուրեն Քրմոյանը: Փոխնախարարը հորդորել է բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին բաց եւ թափանցիկ ինֆորմացիայի միջոցով հանրությանը ներկայացնել այն միջոցները, որով կարելի է պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ:

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը կարեւորել է քաղաքացիական ծառայողի անկաշառ կերպարը եւ նշել, որ նա պետք է զերծ լինի կոռուպցիոն դրսեւորումներից:

Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ծրագրի իրականացման պատասխանատուների վերապատրաստման դասընթացի առաջին փուլին մասնակցում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Ֆինանսների նախարարության եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Նշենք, որ հակակոռուպցիոն ծրագրի իրականացման դասընթացները կտեւեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 29-ը: