Եվրասիական ինտեգրումն օգնել է Հայաստանին ավելացնել արտահանումն ու փոխգործակցությունն արտաքին շուկաների հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Մենք դրական միտումներ ենք տեսնում։ Ավելի մանրակրկիտ քննարկման համար մենք հուլիսին մեծ համաժողով ենք անցկացրել՝ ԵՏՄ մյուս հանրապետություններից մեր գործընկերների մասնակցությամբ։ Այնտեղ մենք քննարկել ենք եւ ձեռքբերումները, եւ ակնկալիքները։ Դեռ շատ անելիքներ կան, չնայած ընդհանուր միտումները դրական են»,- հայտնել է նա։

Ինչ վերաբերում է միասնական եվրասիական շուկաներին, այդ թվում նավթի ու գազի, ապա դրանք զարգանում են նախապես սահմանված ժամանակացույցով, առանց շեղումների, հավելել է Գաբրիելյանը։

Եվ այսպես, մինչեւ 2019թ ԵՏՄ-ում ձեւավորվելու է էլեկտրաէներգիայի միասնական շուկա, իսկ մինչեւ 2025թ՝ նավթի ու գազի։

Հիշեցնենք, որ 2013 թ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը (ներկայիս Եվրասիական միությանը)։

Նշենք, որ 2014-ին ՝ ԵՏՄ –ին անդամակցության նախօրեին, Հայաստանից արտահանումը կազմել է 1519 մլն դոլար, իսկ 2016-ի արդյունքներով՝ 1783։ 2015-ին այն ուժեղ անկում է ապրել, հիմնականում Ռուսաստանում անբարենպաստ իրավիճակի պատճառով (որը հայկական պատրաստի արտադրանքի համար հիմնական արտահանման շուկա է)։ 2016-ին Ռուսաստան մատակարարումները սկսել են վերականգնվել։