Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում (Մցխեթ-Միթիանեթիի շրջան) անանուն լեռան գագաթն է մագլցել՝ այն անվանելով Վրաստանի Սահմանադրություն։ Այս մասին ասվում է երկրի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Վրաստանի նախագահը բարձրացել է 3 հազար 170 մետր բարձրությամբ լեռան գագաթը՝ «Սահմանադրությունը պատկանում է բոլորին» քարոզարշավի շրջանակում։ Մարգվելաշվիլին ծրագրել էր լեռը մագլցել օգոստոսի 24-ին՝ Վրաստանի սահմանադրության օրը, սակայն Բորժոմ-Խարագուլի անտառում հրդեհի հետեւանքով միջոցառումը հետաձգվել էր։ 

«Մեր նպատակն էր այդ գագաթի անունը մեզ համար կարեւոր օրվա՝ Վրաստանի սահմանադրության հետ կապելը, որը պետք է զենք լինի բոլորի համար, գիրք, որը կօգտագործեն բոլորը»,-ասել է նախագահը։

Նախագահը նշեց, որ ընտրել են ոչ այնքան դժվարամատչելի գագաթ, որից  գեղեցիկ բնապատկեր է բացվում։