Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանվող պատժամիջոցներն այս երկրին չեն ստիպի միջուկային ծրագրից հրաժարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հնարավոր ներգործել Հյուսիսային Կորեայի վրա, ՌԴ նախագահը հիշեցրել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի պատմությունը: «Երկիրը կործանված է, ինքը Սադամ Հուսեյնը կախաղան է բարձրացվել: Լսե՛ք, ախր, սա բոլորը գիտեն, սա բոլորն են հիշում: Հյուսիսային Կորեայում նույնպես այս մասին շատ լավ գիտեն ու հիշում են: Եվ դուք կարծում եք, որ ինչ-որ պատժամիջոցների ընդունման ազդեցությամբ Հյուսիսային Կորեան կհրաժարվի՞ այս գծից, որը որդեգրել է զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակով»,- նշել է Պուտինը:
Նրա կարծիքով՝ տվյալ դեպքում պատժամիջոցների օգտագործումն արդեն անօգուտ է եւ անարդյունավետ. «Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի այդ վարժանքները դատապարտում է, մենք կարծում ենք, որ դրանք սադրիչ բնույթ ունեն»:
Սակայն նա համոզված է, որ չի կարելի Իրաքում, Լիբիայում պատմության դասերը մոռանալ: «Իսկ հյուսիսկորեացիները հաստատապես չեն մոռանա»,- կրկնել է նա:
ՌԴ նախագահը նշել է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ռազմական հիստերիայի մեծացումը անիմաստ է եւ փակուղի է տանում, եւ այս խնդրի կարգավորման այլ ճանապարհը, քան բանակցություններն են, մոլորակային աղետով է սպառնում: «Այս պայմաններում եւ այս իրավիճակում բացարձակապես անիմաստ է ռազմական հիստերիայի մեծացումը, դա բացարձակապես փակուղային ճանապարհ է»,- ԲՐԻԿՍ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահը:



























