Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ բարեկամ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանը (խորհրդի նախագահը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն է)։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստան այցելելու հրավերի եւ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Սյույ Ցիլյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա հայ-չինական հարաբերությունների խորացման գործում։
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է այցի ընթացքում կայացած բանակցությունների մանրամասները՝ նախանշելով պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։
Հայաստանն ու Չինաստանը վաղուց եւ արդյունավետ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով, այդ թվում նաեւ պաշտպանական հարցերում։ Մասնավորապես՝ ակտիվ փոխգործակցություն է ծավալված ռազմական կրթության եւ հումանիտար ոլորտներում։ Բայց ժամանակակից մարտահրավերները պարտադրում են առավել խորացնել համագործակցությունը՝ միասնական ուժերով դրանց դիմակայելու համար։ Հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի վկայություններից մեկը փոխադարձ հավասարակշռված դիրքորոշումն է երկու երկրների համար կարեւոր եւ զգայուն հարցերում։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության հարցում Չինաստանի հետեւողական եւ կառուցողական դիրքորոշման համար։
Կողմերը համակարծիք են եղել, որ հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Դրան մեծապես կնպաստի նաեւ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը խարսխված է փոխադարձ եւ լիարժեք վստահության վրա։ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ բարեկամ ու գործընկեր է։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցությունն առավել խորացնելու հարցում։




























