Լրագրությունը հանցանք է Ադրբեջանում։ Դրա վառ ապացույցն է փաստը, որ Ադրբեջանում 158 քաղբանտարկյալներից 10-ը լրագրողներ են։ Այս մասին The Guardian պարբերականում հրապարակած իր հոդվածում գրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան։

Նրա խոսքով՝ անկախ լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության բացակայությունը ապահովում են կոռուպցիայի բացարձակ անպատժելիությունը՝ վերնախավին թույլ տալով իրենց հյուրանոցները կառուցել եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում իրենց շահերն առաջ մղել։ «Նրանք չեն ցանկանում, որ իրենց հարցնեն՝ որտեղի՞ց է գալիս այդ հարստությունը, ինչու՞ հասարակական  փողերը հասարակության շահերին չեն ծառայում»,-գրում է Իսմայիլովան։

Լրագրողը նշում է, որ «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող հետաքննությունը ցույց է տալիս, թե ինչպես է գործում ավազակապետությունը։ «Նրանք իրենց գումարները ներդնում են ժողովրդավարական պետություններում, որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի, սեփականության իրավունքը պահպանվում է։ Նրանք արեւմտյան երկրներ են մեկնում եւ որակյալ բժշկական օգնություն ստանում՝ այն, ինչից Ադրբեջանի սովորական բնակիչները զրկված են։ Նրանց երեխաներն արտասահմանում են կրթություն ստանում եւ օգտվում ժողովրդավարությունից՝ այն նույն իրավունքներից, որոնք նրանք մերժում են հասարակ ադրբեջանցիներին»,-գրում է նա։

Իսլմայիլովան ընդգծում է, որ ճշմարտությունը գրող լրագրողները հետապնդվում են։ «Ի՞նչ իմաստ ունի ճիշտն ասելը»,-այս հարցը լրագրողն ինքն իրեն տվել է, երբ 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Ադրբեջանցիները որեւէ բան փոխելու հնարավորություն չեն տեսնում, եւ դինաստիայի իշխանությունը նրանց կյանքի անխուսափելի իրականությունն է թվում։

Վերջին հետաքննությունը ցույց տվեց, որ չնայած նավթի գների անկմանը, Ադրբեջանը հրեական կառույցներին եւ եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար մեծ գումարներ է ծախսում։ «Ադրբեջանցիները միամիտ չեն։ Նրանք հասկանում են, որ արեւմտյան քաղաքական գործիչների ծառայությունները գումար արժեն։ Նրանք նաեւ հասկանում են՝ ինչու է ադրբեջանական ռեժիմը փորձում երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս թաքցնել ճշմարտությունը։ Սակայն կառավարությունը բոլորին լռել ստիպելու փորձերի ժամանակ անհաջողության կմատնվի, քանի որ յուրաքանչյուր տանը ճշմարտությունը պատմող մեքենա կա՝ դատարկ սառնարանը։ Ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ օլիգարխների հարստությունը, որոնց մասին մենք պատմում ենք, իրենց դատարկ սառնարանների հաշվին է կուտակված, եւ ժամանակը կգա, երբ կպոռթկա աղքատության զայրույթը»,-ամփոփում է Իսմայիլովան։