Չկա այդպիսի հիմնարկ, որտեղ կոռուպցիոն երեւույթներ չլինեն, եւ ԵՊՀ-ն զերծ չէ դրանից, այլ բան է, թե որքան հազվադեպ է այն լինում: Այս մասին, «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Խնդիրն այն է, որ մենք պետք է աշխատենք, որ այդ քաղցկեղը սահմանափակենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ մամուլը գրեց նաեւ իր ունեցվածքի մասին, Արամ Սիմոնյանն ասաց. «Այն մարդիկ, որոնք հետաքրքրվում են իմ ունեցվածքով, թող գան իմ տուն, տանեմ ամառանոց: Ես ծնվել, մեծացել եմ բարեկեցիկ ընտանիքում: Հայրս եղել է նշանավոր պատմաբան, գործիչ, ակադեմիկոս, որը կարողացել է ինձ համար ապահովել ապրելու պայմաններ: Ես շքեղ չեմ ապրել, հիմա էլ չեմ ապրում: Նայած, թե ինչ ռակուրսով են նկարում իմ տունը: Ես մեքենա չունեմ, ունեմ հին 1960 թվականի «ԳԱԶ»-իկ, որն օգտագործում եմ միայն շրջգայելու համար: Ընտանիքում կա մեքենա՝ դուստրս, բայց նա ինքնուրույն մարդ է: Հասարակության մեջ այնքան չարություն է կուտակված, մարդիկ պետք է խոսեն, համեմատեն, նորմալ եմ վերաբերվում»: