ԱՄՆ-ում շների համար գաստրոնոմիական տուր է կազմակերպվել։  Ինչպես գրում է The Independent–ը, Մենի նահանգի Քեննեբանկպորտ քաղաքում հատուկ շների համար գաստրոնոմիական տուրեր են առաջարկում։ Նման ծառայություն է առաջարկում Maine Foodie Tours կազմակերպությունը։

Ընկերության ուղեկցորդները չորքոտանի կենդանիների ու դրանց տերերի համար կազմակերպում են էքսկուրսիաներ տեղի ռեստորաններով ու խանութներով, որտեղ շների համար կեր են վաճառում։

Այդպիսի զբոսանքների ժամանակ շները կարող են համտեսել գետնանուշի յուղով եւ օմարի համով թխվածքաբլիթներ, շաքարից ոսկորներ, լոբուց պատրաստված նախուտեստներ, բեկոնով պաղպաղակ ՝ օշարակի մեջ եւ այլ ուտեստներ։ Շների տերերը իրենք կարող են համտեսել տարբեր ուտելիքներ, օրինակ, ուտել համեմված բուլկիներ, կոկոսով մյուսլի եւ խմել տեղական գարեջուր։

Քեննեբանկպորտում նաեւ կա The Captain Jefferds Inn կոչվող հյուրատուն, որը հյուրընկալում է շների հետ եկած հյուրերին եւ կենդանիներին առաջարկում է տարբեր հյուրասիրություններ։ Զբոսաշրջիկների ցանկության դեպքում հնարավոր է վարձել մարդու, ով կհետեւի իրենց կենդանուն։