Սիրիական զորքերի կողմից Դեյր էզ- Զոր քաղաքի ազատագրումը շատ կարեւոր նշանակություն ունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին- Ռաեւսկին։
Փորձագետի խոսքով՝ քաղաքը հսկայական ռազմական- ռազմավարական նշանակություն ունի թե ահաբեկիչների, թե սիրիական բանակի համար, քանի որ Դեյր Էզ- Զորը Սիրիայի անապատային շրջանների հիմնական ու գրեթե միակ խոշոր քաղաքն է ու այն ԻՊ զինյալներից ազատագրելը փաստացիորեն կստիպի, որ ահաբեկիչները անապատում հայտնվեն, որտեղ նրանց համար ավելի բարդ կլինի պաշտպանվելը՝ շենքերի ու կառույցների բացակայության պատճառով, որտեղ նրանք կարող էին անհրաժեշտության դեպքում թաքնվել ու դիրքային մարտեր մղել։
«Ու տվյալ դեպքում ռուսական ավիացիայի օգնությունը շատ կարեւոր նշանակություն կունենա»,- նշել է թուրքագետը, հավելելով միաժամանակ, որ սիրիական բանակի ու ռուսական ՕՏՈՒ փոխգործակցությունը արդեն հանգեցրել է ահաբեկիչների զգալի ուժերի ոչնչացմանը։
Ընդ որում, Նադեին- Ռաեւսկին նշեց, որ սիրիական զորքերին հաջողվել է ահաբեկիչներին դուրս մղել քաղաքի ճանապարհին գտնվող շրջակա բարձունքների մի մասից, ինչի շնորհիվ սիրիական բանակը կկարողանա ապահովել իր հետագա հարձակումը։ «Իրոք, այս տարածաշրջանում վճռական հարձակումը ամբողջովին կփոխի իրավիճակը։ ԻՊ զինյալները պարզապես ստիպված կլինեն նահանջել դեպի անապատ, որտեղ բոլորովին այլ իրավիճակ է»,- պարզաբանեց նա։




























