Փողոցների անվանափոխության հարցը, որը կարող է երկրում սերունդների միջեւ հակասություններ ստեղծել, չպետք է շոշափվի: Սեպտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ, ՀԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երկարամյա տնօրեն Ազատ Եղիազարյանը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի ընդդիմադիր ուժերը պետք է զբաղվեն երկրում առկա ավելի լուրջ եւ հրատապ խնդիրների լուծմամբ: «Ես չեմ հասկանում՝ ինչու են մեր երկրում պայքար սկսել իրենց պատմության դեմ: Ի՞նչ է, բոլորը ցանկանում են փորձել դատավորի թիկնո՞ցը»,- իր տարակուսանքն արտահայտեց գրականագետը՝ հավելելով, որ փողոցների անվանափոխության հարցում ճիշտ չէ հիմնվել կուսակցական պատկանելության վրա:
Եղիազարյանը մեւնույն ժամանակ հավելեց, որ բնականաբար, Երեւանում պետք է լինի Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոց, քանի որ նա իսկապես Ղարաբաղյան պատերազմի հերոս է:
Նշենք, որ Երեւանի ավագանու հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել արեւմտամետ «Ելք» դաշինքի խմբակցության առաջարկած որոշման նախագծին, որով նախատեսվում էր մի շարք փողոցների խորհրդային անունների փոփոխություն: Նախաձեռնությանը դեմ են հանդես եկել Երեւանի քաղաքապետը եւ ՀՀԿ մյուս ներկայացուցիչները:




























