Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը կասեցրել է  Ուկրաինայում անցկացվող ՆԱՏՕ-ի երկրների Rapid Trident զորավարժություններին Մոլդովայից զինվորականներ ուղարկելու մասին կառավարության որոշումը։ Դոդոնն այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ին:

«Սահմանադրության համաձայն՝ որոշում եմ ընդունել կասեցնել կառավարության այսօրվա որոշումը Ուկրաինայում զորավարժություններին Մոլդովայի զինվորականների մասնակցելու մասին»,- ասել է Դոդոնը: Նա նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է օգտվել սահմանադրական լիազորությունից, որով նախատեսվում է կառավարության ակտերի կասեցման իրավունք, որոնք հակասում են օրենսդրությանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի վերջնական որոշում ընդունելը:

Նրա խոսքով՝ Մոլդովան չեզոք երկիր է եւ նրա զինծառայողները չպետք է մասնակցեն որեւէ ռազմական դաշինքի հովանավորությամբ իրականացվող զորավարժություններին:

Նախագահի արգելքը մեկնաբանելիս վարչապետ Պավել Ֆիլիպն ավելի վաղ կառավարության նիստում ասել էր, թե չի հասկանում նախագահն ինչ փաստարկներ ունի զորավարժություններին Մոլդովայի զինվորականների մասնակցությունն արգելափակելու համար: «Նման որոշումներն անտրամաբանական են: Մոլդովան եղել եւ մնում է չեզոք երկիր, սակայն դա չի նշանակում, որ չպետք է մասնակցենք խաղաղապահ գործողություններին, բարձրացնենք զինծառայողների որակավորումը: Ոչ ոք չի ցանկանում չպատրաստված եւ թույլ բանակ ունենալ»,- ընդգծել է Ֆիլիպը: