Բուզանդի փողոցի ապամոնտաժված հուշարձան-շենքերը կվերականգնվեն «Հին Երեւան» ծրագրի տարածքում: Այս մասին նշվել է սեպտեմբերի 5-ին, «Հին Երեւան» ծրագրի մշակմանն առնչվող հարցերի քննարկման եւ լուծում տալու նպատակով` նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանի արվեստանոցում եւ նրա մասնակցությամբ կայացած միջգերատեսչական խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Նիստին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ոլորտի այլ մասնագետներ:

Քննարկման արդյունքում որոշվել է` «Հին Երեւան» ծրագրի հետագա իրականացման ընթացքում առաջնորդվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած հայեցակարգային դրույթներով:

Ծրագրում ներառված տարածքի հետիոտն հատվածի վերին նիշի մակարդակում ապակեպատ ծածկույթ իրականացնելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից առաջարկվել է խնդրին անդրադառնալ ծրագրի հետագա իրագործման ընթացքում՝ այն թողնելով նախագծի հեղինակի եւ պատվիրատուի հայեցողությանը:

 Քննարկման ընթացքում որոշվել է՝ ծրագրում չներառված եւ ներկայումս ապամոնտաժված Փ. Բուզանդի փողոցի N97 եւ N25 հուշարձան-շենքերը ներառել նախագծում՝ ապահովելով դրանց վերականգնումը «Հին Երեւան» ծրագրով նախատեսված տարածքում: