Դեյր Զորի շրջափակման ճեղքումր և հետագա ամբողջական ազատագրումը «Իալամական պետության» ահաբեկիչներից բեկումնային կլինի Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների համար։ Այդ մասին News.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց հայտնի ռուսաստանցի փորձագետ, արևելագետ Կարինե Գևորգյանը։

Փորձագետի խոսքով՝  չնայած այդպիսի նշանակալից հաջողությանը՝  հնարավոր չի լինի խոսել ԻՊ–ի նկատմամբ լրիվ հաղթանակի մասին, քանի որ ըստ նրա՝  ահաբեկիչները կանցնեն ընդհատակ և կշարունակեն պայքարը ահաբեկչական գործողություններ իրականացնելու միջոցով ոչ միայն բուն Սիրիայում, այլ նաև նրա հարևան երկրներում։ «Այսինքն՝ ԻՊ-ի նկատմամբ տարածքային հաղթանակ կլինի։ Դա, իհարկե, այդպես է։ «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ նույնպես հաղթանակ կտարվի, սակայն այդ տարածաշրջանում անվտանգության հասնելը դեռ դժվար կլինի»,- նշեց Գևորգյանը։

Հիշեցնենք , որ սեպտեմբերի 5-ին սիրիական կառավարական ուժերը Ռուսաստանի օդուժի օգնությամբ ճեղքեցին Դեյր Զորի 3-ամյա շրջափակումը։ Բնակչությունը հրճվանքով դիմավորեց կառավարական ուժերին։ Այս պահին դեռ շարունակվում է քաղաքի ազատագրումը ահաբեկիչներից։