Եվրոպական կառույցները պետք է ազգային մակարդակով վերականգնեն իրենց հեղինակությունը ինչպես կոնկրետ երկրներում՝ Չեխիայում, Դանիայում, Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, այնպես էլ համաեվրոպական մակարդակով։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց իշխող ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ «ադրբեջանական լվացքատան» հետ կապված սկանդալը միայն սկսվում է։ «Ես ներկա եմ եղել ինչպես Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, այնպես էլ Եվրոպայի խորհրդի կազմակերպած սփյուռքի հարցերով մեծ ժողովին։ Իմ բոլոր ելույթներում ես այդ հարցը բարձրացրել եմ եւ մեր եվրոպացի գործընկերների կողմից համապատասխան արձագանք ստացել։ Կարծում եմ, որ հատկապես ԵԽԽվ ձեւաչափում բոլոր երկրների պատվիրակները պարտավոր են ճնշում գործադրել առաջին հերթին իրենց ազգային կառավարությունների վրա, որպեսզի նրանք հետեւողական լինեն ներկայացրած փաստերն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի դրական կերպարի ու դրա դրա նկատմամբ վստահությունը վերականգնելու հարցում»,-ընդգծեց Աշոտյանը։
Ըստ նրա՝ բոլոր եվրոպական կառույցներն այդ սկանդալը լիարժեք բացահայտելու եւ մեղավորներին պատժելու գործընթացում պարտավոր են հետեւողական լինել։ «Ակնհայտ է, որ տարբեր երկրներ տարբեր շահեր ունեն։ Այդ շահերը միշտ չէ, որ կարող են մեր շահերի հետ համընկնել, բայց Ադրբեջանի կոռուպցիոն կապերի վերաբերյալ փաստեր ներկայացնելը, հատկապես՝ եվրոպական քաղաքական կառույցների հետ, վրդովմունք են առաջացնում, քանի որ ժամանակին մենք եվրոպական կառույցները դիտարկում էինք որպես թափանցիկ ու ազնիվ աշխատանքի վայր։ Կարծում եմ, որ այս սկանդալը չարժե բաժանել ռուսական եվ եվրոպական դոսյեների»,-ասաց Աշոտյանը։
Պատգամավորը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի կոռուպցիոն գործողության շրջանակում նաեւ հակահայկական քայլեր են ձեռնարկվել։ «Մեր պարագայում դա ազգային անվտանգության հարց է»,-ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք․ Átlátszó.hu-ի, Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության հետազոտության կենտրոնի (OCCRP), Berlingske, The Guardian պարբերականների եւ այլ լրատվամիջոցների լրագրողական հետաքննությունները բացահայտել են, թե ինչպես են օգտագործվում ադրբեջանական վերնախավի հետ կապված փողերը՝ աշխարհում ազդեցություն ձեռք բերելու եւ Ադրբեջանի նախագահի հեղինակությունը բարձրացնելու համար։




























